Կենդանական աշխարհ

BearԽոսրովի անտառ պետական արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ: Արգելոցի տարածքում ողնաշարավոր կենդանիները ներկայացված են 283 տեսակներով, որոնցից ավելի քան 58 տեսակ  գրանցված է ՀԿԳ-ում,  իսկ 51 տեսակ` ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:  Ամենամեծ բազմազանությամբ ներկայացված են  թռչունները` 192 տեսակ, կաթնասունները` 44, սողունները` 33, երկկենցաղները`  5, ձկները` 9: Կաթնասունների 13, թռչունների 37, սողունների 10 տեսակ գրանցված է   ՀԿԳ-ում, իսկ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում կաթնասունների 11, թռչունների 37, սողունների 8 տեսակ:

Կաթնասուններ: Արգելոցի  տարածքում խոշոր կաթնասուններից հանդիպում են ընձառյուծը, լուսանը, արջը, գայլը, վայրի խոզը և բեզոարյան այծը:

Կովկասյան ընձառյուծ

Կովկասյան ընձառյուծ

Կովկասյան ընձառյուծը կատվազգիների ընտանիքի հզոր ու գեղեցիկ,  հազվադեպ հանդիպող գիշատիչը, վտանգված է գեղեցիկ մորթու համար:  Ընձառյուծը հայտնի է որպես զգուշավոր, լավ տեսողությամբ,  լսողությամբ և հոտառությամբ օժտված կենդանի: Նա վարում է ավելի ակտիվ կյանք հատկապես գիշերը և առավոտյան ժամերին: Ընձառյուծը հանդիպում է Խաչաձոր, Խոսրով և հազվադեպ, Կաքավաբերդ տեղամասերի չորասեր գիհուտներով ծածկված դարավանդներում և ժայռոտ մասերում: Ընձառյուծը գրանցված է Հայաստանի և նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքերում, ինչպես նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:

bezoar goat

Բեզոարյան այծ

Բեզոարյան այծը հանդիպում է նույն ապրելավայրերում, բայց ավելի է տարածված Կաքավաբերդ տեղամասում: Բեզոարյան այծը արգելոցի բնիկներից է և այստեղ ապրում է անհիշելի ժամանակներից: Այդ մասին են վկայում արգելոցի տարածքում սփռված բազմաթիվ ժայռապատկերներն ու միջնադարյան կոթողների այծ պատկերող զարդաքանդակները:

Իսկ դուք գիտե՞ք, որ…
Բեզոարյան այծն իր անունը ստացել է ստամոքսում կերի մեջ գտնվող որևէ խտանյութից օրինակ` բրդից, առաջացող գնդային պինդ զանգվածների` բեզոարների համար, որոնք նախկինում կիրառվում էին ժողովրդական բժշկության մեջ:

««Խոսրովի անտառ» պետ. արգելոցում» հանդիպում է նաև Անդրկովկասյան գորշ արջը: Արջը  ապրում է տերևաթափ և խառը անտառներում, մշտադալար գիհուտներում, քարանձավներում ու ժայռոտ վայրերում, տաք ժամանակահատվածում նաև բարձրանում է մարգագետիններ:

Եվրոպական ճնճղաճուռակ

Եվրոպական ճնճղաճուռակ

Թռչուններ: Արգելոցի թռչնաշխարհը հարուստ է տարբեր ընտանիքների պատկանող տեսակներով (44 ընտանիք): Առավել հարուստ են ներկայացված գիշատիչ թռչունները:  Անմատչելի ժայռերում բույն են դնում մորուքավոր անգղը, գիշանգղը, սպիտակագլուխ անգղը, սև անգղը, տափաստանային ճուռակը, քարարծիվը, սովորական հողմավար բազեն, սապսանը և Հայաստանի ամենահազվագյուտ թռչունը` միջերկրածովյան  բազեն:

12647926_1053028094759895_1842252093_n

Սև անգղ

Իսկ դուք գիտե՞ք, որ…
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը Հայաստանում միակ տարածքն է, որտեղ բնադրում է սև անգղը: Այս հազվագյուտ տեսակը բնադրում է գիհու ծառերի կատարին, առավելապես Խոսրով տեղամասում:

Անտառային տափաստաններում, թփուտներում և մացառուտներում լայն տարածում ունի մոխրագույն կաքավը: Քարակաքավները հանդիպում են  արգելոցի ողջ տարածքում` կիսաանապատների, լեռնային տափաստանների և մարգագետինների ժայռոտ բիոտոպերում:   Քարակաքավի հիմնական պոպուլացիան գտնվում է Կաքավաբերդ տեղամասում:

Լեռնային դրախտապանի բույնը

Լեռնային դրախտապանի բույնը

Խոսրով, Խաչաձոր և Կաքավաբերդ տեղամասերի բարձրախոտ մարգագետիններում բույն է  դնում  լորը:

Գարնանային և աշնանային չուերի ժամանակ արգելոցի բոլոր բաց լանդշաֆտներում հանդիպում են ճահճային, դաշտային, տափաստանային և մարգագետնային մկնաճուռակները, տափաստանային արծիվը և տափաստանային հողմավար բազեն:

Միջերկրածովային կրիա

Միջերկրածովային կրիա

Արգելոցի տարածքում հանդիպում են նաև սողուններ, երկկենցաղներ, ձկներ և անողնաշարավորներ: Սողունների ֆանունան բավականին բազմազան է. Այստեղ կարող եք նկատել Գյուրզա, Լեռնատափաստանային իժ, Հայկական իժ, Կատվաօձ և այլ տեսակներ:

Այստեղ հանդիպում է նաև միջերկրածովային կրիան, որը գրանցված է ՀԿԳ-ում, ինչպես նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:

«Խոսրովի անտառ»  պետական արգելոցում անողնաշարավոր կենդանիների ֆաունան ներկայացված է ավելի քան 1500 տեսակներով, որոնցից փափկամարմիններ՝ 62 տեսակ,   կարիճներ՝ 3  և 1427-ը միջատներ:

Անողնաշարավոր կենդանիներից 44 տեսակ գրանցված է ՀԿԳ-ում և 4-ը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: