Բուսական աշխարհ

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Տարածաշրջանում արգելոցն առանձնահատուկ է իր բուսական աշխարհի տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ: Հայաստանի ընդամենը 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1849 տեսակ, այսինքն` Հայաստանի ֆլորայի (3800 տեսակներ) մոտ կեսը, իսկ Կովկասի ֆլորայի (6000 տեսակ) մոտ 1/3, որոնք ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքով: Ավելին, արգելոցը հանդիսանում է նաև բազմաթիվ հազվագյուտ տեսակների և էնդեմիկ` միայն այստեղ աճող բույսերի ապաստարան: Ավելի քան 80 տեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 24 տեսակ համարվում են էնդեմիկ:

Արգելոցի տարածքի 16%-ը անտառածածկ է: Բացատները, թփուտները և   նոսրուտները զբաղեցնում են տարածքի մոտ 20%-ը, իսկ մնացած 64%-ը զբաղեցնում են տարբեր տիպի լեռնային չորասեր համակեցություններ:

Արգելոցի յուրահատկություններից են նաև փշատերև և մշտադալար բաղմապտուղ գիհու և լայնատերև տերևաթափ ծառատեսակների (կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի և այլն) բազմաթիվ զուգակցություններով կազմված խառը անտառակների առկայությունը, ինչպես նաև առանձին վայրի պտուղների, օրինակ` տանձենու զարմանալի բազմազանությունն ու հարուստ գենոֆոնդը: Խոսրովի տանձենին իրենից հատուկ հետաքրքրություն է ներկայացնում, որը հանդիպում է միայն Խոսրովի կիրճում:

Արգելոցի տարածքում տարածված են աստղածաղկազգիների (Asteraceal) ընտանիքի 280, դաշտավլուկազգիների (Poaceae)` 174, բակլազգիների (Fabaceal)`154, Lamiaceae խուլեղինջազգիների  (Lamiaceal)`  102, կաղամբազգիների (Brassicaceae)` 99, մեխակազգիների (Caryophyllaceae)` 97 տեսակ, վարդազգիների (Rosaceae)`      92, հովանոցազգիների (Apiaceal)` 74, խլածաղկազգիների (Scrophulariaceal)` 74, գողտրիկազգիների (Boraginaceal)` 57, շուշանազգիների (Liliaceal)` 57, թելուկազգիների (Chenopodiaceal)` 50, գորտնուկազգիների (Ranunculaceal)` 43, տորոնազգիների (Rubiaceal)` 30, բոշխազգիների  (Cyperaceal)` 27, ճրագախոտազգիների (Orobanchaceal) 27 տեսակ:

Խոսրովի արգելոցում տարածված բուսատեսակները պատկանում են 6 կենսաձևի` ծառ, թուփ, թփիկ, կիսաթուփ, կիսաթփիկ, լիան:

Բուսականության կազմը հիմնականում փոփոխվում է` պայմանավորված ծովի մակարդակից տեղանքի բարձրությամբ:

Նախալեռնային  և  ստորին  լեռնային գոտում` 800մ մինչև 1200-1300 մ, երբեմն նույնիսկ 1400 մ բարձրությունների վրա տարածվում են կիսաանապատային բուսականությունը: 

 Միջին լեռնային գոտում (1400-2200մ ծովի մակ.) ներկայացված են լեռնային տափաստանները, արիդ նոսրանտառները և կաղնու անտառները: Հարավային դիրքադրության արևկող, թեք և չոր լեռնալանջերին տարածվում են բազմապտուղ գիհու սլացիկ, սպիտակափայլ կոնաձև սաղարաթով գեղեցկատես ծառերը, որոնք հաճախ առաջացնում են նոսրացած գիհուտներ` իրենց բնորոշ չորային խատածածկով: Հատկապես Գառնու տեղամասում գիհուտներն այնքան են նոսրացած, որ Գառնու հեթանոսական տաճարի հարակից արգելոցի պարզորոշ գծագրվող կլորավուն լեռնալանջերի վրա տեսանելի են գիհու ցաք ու ցրիվ, իրարից բավականին հեռացած առանձնյակները:

Կաղնուտները հիմնականում տարածվում են հյուսիսային և արևմտյան դիրքադրության լանջերին: Դրանք կազմված են խոշորաառէջ կաղնու երբեմն բավական խիտ միատարր անտառներից: Այստեղ անտառի գերիշխող տեսակներին ուղեկցում են նաև սովորական և կլորատերև հացենին, սովորական արոսենին (ծտի խնձոր), թխկենու և տանձենու տարբեր տեսակներ և այլն:  Անտառում շատ են նաև թփերը` գերիմաստին, ցախակեռասը, մասրենու, սզնու (ալոճենի) տարբեր տեսակները, իսկ խոտածածկը հարուստ է դաշտավլուկազգիներով:

Մարգագետնային բուսականությունը հանդիպում է 2100-2200 մ-ից սկսած և տարածվում դեպի վեր` մինչև 2600-2800 մ բարձրությունները:  

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի թանգարանում երկար տարիների ընթացքում հավաքվել և պահպանվում է հարուստ բուսաբանական հավաքածու:

Գիհի

Գիհի

Իսկ դուք գիտե՞ք, որ…
Գիհու ծառը 120-130 տարեկանում նոր հասնում է 5-5.5 մ բարձրության: Գիհու նոսրանտառներում պետք է խիստ հետևել անվտանգության կանոններին, որպեսզի չվնասվեն այս իսկապես օգտակար ծառերը: