Էկոտուրիզմ

                   
 Էկոտուրիզմի հնարավորությունները

Արգելոցի յուրահատուկ բնությունը, բուսական ու կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանները համատեղ ներկայացնում են էկոտուրիզմի մեծ պոտենցիալ:

Արգելոցն ունի երկու այցելուների կենտրոն, որոնցից մեկը գտնվում է «Գառնի» տեղամասում, մյուսը` «Խոսրով» տեղամասում` Վեդու կողմից, ուր զբոսաշրջիկներին տրամադրվում են տարբեր ծառայություններ, այդ թվում հետիոտն և ձիով արշավներ, վայրի կենդանական և բուսական աշխարհի դիտում, թռչնադիտում, պատմամշակութային վայրերի այցելություններ և այլն: Վեդիի կողմի այցելուների կենտրոնում առկա է նաև այցելուների համար գիշերակացի հնարավորություններ:

Արգելոցի տարածքում առկա են նշանադրված էկոտուրիստական 9 երթուղիներ, որոնք անցնում են արգելոցի գեղատեսիլ վայրերով: Վեց երթուղիներ ներկայացնում են «Գառնի» և «Կաքավաբերդ» տեղամասերի տեսարժան վայրերը: Երթուղիների սկզբնակետը Գառնու տեղամասի սկզբում գտնվող այցելուների կենտրոնն է: Մյուս երթուղիները ներկայացնում են «Խոսրով» և «Խաչաձոր» տեղամասերի տեսարժան վայրերը:

Երթուղիներով անցնելիս զբոսաշրջիկները կարող են հանդիպել բազմաթիվ բուսատեսակների, այդ թվում բարձրակարգ բույսերի 1849 տեսակների: Այստեղ աճում են Հայաստանի Կարմիր Գրքում գրանցված բույսերի ավելի քան 80 տեսակներ:

Զբոսաշրջիկները կարող են հանդիպել նաև կենդանական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնց թվում շատ են անհետացող և հազվագյուտ տեսակները` կովկասյան ընձառյուծը,  բեզոարյան այծը, սև անգղը և այլն: Արգելոցում հանդիպող կենդանիներից շատերը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

Երթուղիները և արգելոցի մնացած տարածքները ընդգրկում են նաև պատմամշակութային հուշարձաններ, կոթողներ, խաչքարեր, գերեզմանոցային տապանաքարեր, նախկին բնակատեղիներ և գյուղատեղիների ավերակներ: Դրանց թվում են Գառնու տեղամասում գտնվող երկու վանական համալիրների ավերակները՝ հանրահայտ Հավուց Թառը (X-XIII դդ.) և Աղջոց Վանքը (XIII դ.): Ազատ գետի աջ վտակ Գլան գետի հարևանությամբ են գտնվում Ելիջա գյուղատեղի ավերակները (բնակեցված է եղել մինչև 1950 թ.): Ազատ գետի վերին հոսանքի աջ ափի հարևանությամբ՝ զառիթափ լանջի ստորոտին է գտնվում Վանստան գյուղատեղին: Կաքավաբերդի տեղամասում` Ազատ գետի աջ ափին է գտնվում Կաքավաբեդ բերդ-ամրոցը: Այն կառուցված է երեք կողմից խորը ձորերով շրջապատված բարձր լեռան գագաթին: Ամրոցից երևում է շրջակա գեղատեսիլ համայնապատկերը` ընդհուպ մինչև Ազատ գետի հովիտը և Գառնի գյուղը:

Ամրագրումների, վճարումների և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի էկոտուրիզմի ստորաբաժանում`  khosrovreserve@gmail.com: