Մեր մասին



‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոցն աշխարհում ստեղծված առաջին պահպանվող տարածքներից է: Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Անտառը տնկվել է 334-338 թթ. Հայաստանի թագավոր Խոսրով II Կոտակի հրամանով: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, նրա գահակալության տարիներին արգելոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ: Արգելոցի ներկա տարածքում արքան նաև ստեղծել է թռչունների և կենդանիների հատուկ որսատեղեր: Դարերի խորքից պահպանված և մեզ հասած Խոսրով թագավորի անտառը դարձել է արգելոց:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնադրվել է  1958 թվականին: Արգելոցը գտնվում է Արարատի մարզում Արարատյան դաշտի հարևանությամբ` Գեղամա լեռնաշղթայի լեռնաբազուկների, Երանոսի և Երախի լեռների վրա: Այն զբաղեցնում է 23213.5հա տարածք, տեղակայված է ծովի մակարդակից 700-ից մինչև 2800 մ բարձրության վրա:

Արգելոցի կլիման չոր ցամաքային է: Ձմեռը ցուրտ է և ձյունառատ, բավականին ցածր` մինչև -25°C ջերմաստիճանով: Ամառը չոր է և շոգ` մինչև +38°C ջերմաստիճանով:

Արգելոցի բուսական աշխարհը ներառում է անոթավոր բույսերի 1849 տեսակ: Ավելի քան 80 տեսակ  ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 24 տեսակը էնդեմիկ են: Արգելոցի տարածքի 16%-ը անտառածածկ է: Բացատները, թփուտները և մացառուտները զբաղեցնում են տարածքի մետ 20%-ը: Տարածքի մնացած 64%-ը զբաղեցնում են լեռնային քսերոֆիտների տարբեր տիպի համակեցություններ:

Կենդանական աշխարհը ներառում է կաթնասունների` 44, թռչունների` 192, սողունների` 33, երկկենցաղների` 5 և ձկների` 9 տեսակներ:  Արգելոցի ժայռային, քարքարոտ, խիստ թեքություն ունեցող սարալանջերը ապրելավայր են հանդիսանում գորշ արջի (Ursus arctos syriacus), բեզոարյան այծի (Capra aegagrus), կովկասյան ընձառյուծի (Panthera pardus ciscaucasica) համար, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

Արգելոցի առանձնահատկություններից է նաև պատմական և մշակութային հարուստ ժառանգությունը` սկսած վաղնջական ժամանակներից: Տարածքը սերտորեն կապված է հայ ժողովրդի պատմության և պատմական անցյալի փառահեղ դրվագների հետ` սկսած բազմաստված հեթանոսական և հելլենիստական մշակույթի շրջաններից: Արգելոցում մինչ օրս պահպանվում են բազմադարյան պատմություն ունեցեղ մշակութային կոթողներ, պատմաճարտարապետական հուշարձաններ, բույսերի և կենդանիների եզակի տեսականեր, լանդշաֆտների հիասքանչ բազմազանություն:

2002 թվականից արգելոցի կառավարման, գիտական, գործնական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

Ըստ կանոնադրության (ՀՀ Կառավարության 2002 թ. մայիսի 30-ի թիվ 925 –Ն որոշում, Հավելված թիվ 1) արգելոցի ստեղծման  հիմնական նպատակներն են Ազատ և Վեդի գետերի ավազանների ջրային ու ցամաքային էկոհամակարգերի զարգացման բնական ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, այդ թվում հազվագյուտ և անհետացող բույսերի ու կենդանիների գենոֆոնդի և ապրելու միջավայրի պահպանությունը, գիտական ուսումնասիրությունների իրականուցումը,  գիտաճանաչողական զբոսաշրջության և էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար անհրաժեշտ նախադրյալների  ապահովումը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ,) ենթակայության տակ գտնվում են հետևյալ պահպանվող տարածքները.

  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը ներկայումս բաժանված է չորս տեղամասերի՝ Գառնի (4253հա), Կաքավաբերդ (4745հա), Խոսրով (6860.8հա), Խաչաձոր (7354.7հա)
  • «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը՝ 95.99 հա
  • «Խոր Վիրապ» պետական արգելավայրը՝ 50.28 հա

2013թ. Օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ գիտակցելով արգելոցի կարևորությունը:

Արգելոցն ունի հոյակապ լանդշաֆտներ, բազմազան բնական  միջավայր, հարուստ կենսաբազմազանություն, տարբեր տեսակի շատ հետաքրքիր և կարևոր նշանակության հսկայական կուսական անտառներ, որը երկարատև պահպանության, պատշաճ կառավարման պլանի և կառուցվածքի արդյունք են:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը իր բազմաթիվ յուրահատկությունների շնորհիվ միակն է ոչ միայն Հայաստանում այլև ողջ Կովկասի էկոտարածաշրջանում: