Պատմությունը

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Հայաստանում բնության պահպանեվող տարածքների նախապատմությունը սկսվում է դարերի խորքից և ունի հազարամյակների պատմություն: Հայ պատմիչները վկայում են, որ պահպանվող տարածքների նախագաղափարը Հայաստանում ի հայտ է եկել մ.թ.ա. III դարի վերջին և II դարի սկզբին:

Խոսրովի անտառը ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Արգելոցում մինչ օրս պահպանվում են բազմադարյան պատմություն ունեցեղ մշակութային կոթողներ, պատմաճարտարապետական հուշարձաններ, բույսերի և կենդանիների եզակի տեսականեր, լանդշաֆտների հիասքանչ բազմազանություն

Խոսրով III Կոտակ

Խոսրով II Կոտակ

Անտառը հիմնադրվել է 334-338 թթ. Հայաստանի թագավոր Խոսրով II Կոտակի հրամանով, Արտաշատ մայրաքաղաքի և նոր հիմնադրվող Դվին քաղաքին հարակից տարածքների բնակլիմայական պայմանները բարելավելու, ինչպես նաև մոտ արքայական որսատեղի ունենալու, զորավարժությունների և զվարճանքների նպատակով: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, նրա գահակալության տարիներին արգելոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ, և ողջ երկիրը մասնակցել է այդ գործընթացին: Արգելոցի ներկա տարածքում արքան նաև ստեղծել է թռչունների և կենդանիների հատուկ որսատեղեր:

Հետագայում տարբեր շրջաններից, հատկապես Պարսկաստանից, բազմաթիվ ազնվացեղ կենդանիներ էին բերվում և բազմացվում արգելոցում: 

Պատմիչ Փավստոս Բուզանդի վկայությամբ`Ազատ գետերի երկու կողմերում հիմնվել են ‹‹Տաճար մայրի›› և ‹‹Խոսրովակերտ›› անվանումներով անտառներ: Տարածքը պարսպապատվել է: ‹‹Տաճար մայրի›› անտառը սկսվել է Գառնու ամրոցի մոտից և հասել միչև Դվին, իսկ ‹‹Խոսրովակերտ››-ը  հիմնվել է Դվին և Արտաշատ քաղաքների միջև ընկած եղեգնուտի եղերքով: Հարյուրավոր տարիների ընթացքում անտառի ‹‹Խոսրովակերտ›› հատվածը վերացել է, իսկ ‹‹Տաճար մայրի››-ից մնացել են առանձին հատվածներ, որոնք ձուլվել են բնական անտառին: Դարերի խորքից պահպանված և մեզ հասած Խոսրով թագավորի անտառը դարձել է արգելոց:

Արգելոցի տարածքը սերտորեն կապված է հայ ժողովրդի պատմության և պատմական անցյալի փառահեղ դրվագների հետ` սկսած բազմաստված հեթանոսական և հելլենիստական մշակույթի շրջաններից: Այն պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում, որը եղել է միջնադարյան Հայաստանի  խիտ բնակեցված ու կյանքով լեցուն բնակատեղիներից և հանդիսացել է Հին Հայաստանի` Մեծ Հայքի կենտրոնական Այրարատ և Սյունիքի նահանգների (ըստ VII դ. Աշխարհացույցի), թագավորանիստ Դվին և Արտաշատ մայրաքաղաքների, կաթողիկոսանիստ Հավուց Թառի, ինչպես նաև հայ հոգևոր և աշխարհիկ կյանքի նշանավոր գործիչների` Գրիգոր Լուսավոչի (240-326 թթ.), Գրիգոր Մագիստրոսի (XI դ.), Գևորգ Մարզպետունու (X դ.) և ուրիշների բնակավայր ու գործելավայր և պատմական իրադարձությունների թատերաբեմ: Դրանց փայլուն ապացույցները` աշխարհիկ և եկեղեցական կառույցների (բերդեր, ամրոցներ, եկեղեցիներ, խաչքարեր, գյուղատեղեր, գերեզմանատներ և այլն) պահպանված կամ կիսավեր մնացորդները հասել են մեզ և բնության յուրահատկությունների հետ միասին զարդարում և ավելի գրավիչ են դարձնում ‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոցը:

The region of Ayrarat on the map of historical Armenia

Այրարատ նահանգը` Պատմական Հայաստանի աշխարհագրական քարտեզում

Խասրով արքայի անունը ժողովուրդն անմահացրել է ոչ միայն անտառի, այլև Խոսրով բնակավայրի, Խոսրով գետի և Խոսրովասարի անուններով:

Նորագույն պատմություն

1958 թ. սեպտեմբերին Հայաստանի կառավորությունը որոշում ընդունեց Խոսրովի անտառի տարածքները հայտարարել արգելոցային գոտի: Այն կազմակերպվել է բուսական և կենդանական յուրօրինակ աշխարհի պահպանման նպատակով:

Խոսրովի անտառը բնության և պատմական հուշարձանների նկատմամբ հայ ժողովրդի հոգատար վերաբերմունքի լավագույն վկայությունն է, որի շնորհիվ 17 դար պահպանվել է Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանին բավականին մոտ գտնվող այս կուսական անտառը: